04/02/2016 19:01
ՀՀԿ ԳՄ նիստն այսօր փակագծեր կբացի՞
Հանրապետական կուսակցությունը մտադիր է ՀՀԿ-ՀՅԴ հավանական համագործակցության շրջանակում դաշնակցականներին տրվող պաշտոնների մասին հայտարարել ոչ թե, այսպես ասած, ամբողջական փաթեթով, այլ՝ մաս-մաս: Aysor.am-ի աղբյուրների հաղորդմամբ, այսօր երեկոյան ԳՄ նիստից հետո թերևս միայն մեկ պաշտոնի մասին հայտարարվի, քանի որ այս պահի դրությամբ Հանրապետականն ու Դաշնակցությունը համաձայնության են եկել միայն Արծվիկ Մինասյանի մասով: Թե որ նախարարությունը նրան բաժին կհասնի ևս դեռ մշուշոտ է, քանզի Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու առումով Ա.Մինասյանը լեզուների իմացության խնդիր ունի: Բայց որ ՀՀԿ-ն նրան պորտֆել է տալու, կասկած չի հարուցում:
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, շատ հավանական է, որ այս շաբաթ էլ երկար սպասված այս ինտրիգը հանգուցալուծում չստանա՝ բաժանված պաշտոնների մասին հայտարարություն դեռ չի արվի: Հայտնի է, որ Դաշնակցությունը երեքական նախարարի պորտֆել է պահանջել և երեք՝ մարզպետի, սակայն ՀՀԿ-ն Գեղարքունիքի մարզպետին՝ Ռաֆիկ Գրիգորյանին հրաժարվել է «զոհել»: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան միայն Արագածոտնի և Շիրակի մարզպետները: