05/02/2016 10:12
Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Այս մասին տեղեկանում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: