05/02/2016 17:24
ԼՂՀ հարցով Իրանը նույնպես շահագրգռված է. Քաղաքագետ
«Վերջին 25 տարիների փորձը ցույց է տալիս, որ Իրանի համար Հայաստանի դերը չափազանց մեծ է, պարզապես Հայաստանում դեռևս հստակորեն չեն ընկալում և ռեալիզացնում այդ դերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Իր խոսքում՝ վերջինս նկատեց նաև, որ Իրանի հետ հարաբերությունների մասին խոսելիս հայկական կողմը, չգիտես ինչու, միշտ խոսում է տնտեսական կապերի մասին, սակայն Իրանը տարածաշրջանում ևս ունի կարևոր նշանակություն, որի մասին մոռանալ պետք չէ:
«Պետք է հասկանանք, որ Իրան-Հայաստան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն նաև անվտանգության առումով: Իրանի հետ պետք է նաև բանակցել քաղաքական հարցերի շուրջ: Իրանը փնտրտուքների մեջ է, հետևաբար պետք է նաև նրա հետ քաղաքական հարցերի շուրջ բանակցություններ վարել»,-ասաց նա:
Ա. Ենոքյանի համոզմամբ՝ Իրանը շահագրգռված է հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցով, ինչը կարևոր խնդիր է հայկական կողմի համար:
«Իրանի հետ խոսում ենք միայն երկաթգծի, գազամուղի և տնտեսական հարցերի շուրջ, բայց ոչ ոք չի խոսում քաղաքական հարաբերությունների մասին, որն առավել քան կարևոր է: Լեռնային Ղարաբաղի մասով գիտենք, թե Իրանը որքան է շահագրգռված, այնպես որ դա Հայաստանին նոր հնարավորություններ կտա»,- ասաց նա: