06/02/2016 15:07
Գ. Մինասյան. Վերահսկիչ պալատի փոխարեն կունենանք ավելի անկախ կառույց՝ Հաշվեքննիչ պալատ
Նոր Սահմանադրությամբ այսուհետ Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթները Հաշվեքննիչ պալատի հետ, ապա, ըստ էության, նրանց նպատակները նույնն են՝ հանրային ֆինանսների և հանրային սեփականության արդյունավետ կառավարման տնօրինման խնդիրները»,- ասաց Գագիկ Մինասյանն՝ ընդգծելով, այնուամենայնիվ, կա մի էական փոփոխություն:
«Հաշվեքննիչ պալատը չափազանց ավելի անկախ է լինելու, քան` այսօրվա Վերահսկիչ պալատը: Խորհրդարանն իր վերահսկողական առաքելությունը մեծ մասով իրականացնում է` հաստատելով Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը»,- ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց՝ այս անկախ մարմինը պետք է զերծ մնա քաղաքական հայտարարություններից` այդպիսով ապահովելով հանրային վստահությունը:
«Այդ կառույցի աշխատանքը պետք է չափազանց թափանցիկ լինի, ու պետք է վերահսկելի լինի և՛ հասարակության կողմից, և՛ խորհրդարանի կողմից»,- ամփոփեց Գագիկ Մինասյանը: