09/02/2016 14:34
Պ. Սվիտալսկի. Հայաստանն ու Եվրամիությունը թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ
Հայաստանն ու Եվրամիությունը թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ: Այս մասին «Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով իրավական նոր բազայի շուրջ վարվող բանակցություններին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն հնարավորություն է ընձեռում լինել և ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, որը Հայաստանի համար խոշորագույն դոնոր է:
«Բանակցությունները դրական օրակարգ ունեն, փորձում ենք նոր բան մշակել ու հարաբերությունների նոր մոդել ձևավորել: Վստահաբար կարող եմ նշել, որ ԵՄ-ՀՀ քաղաքական երկխոսությունը զարգանում է»,- նշեց Պ. Սվիտալսկին:
Շրջանակային համաձայնագիրը, ըստ դեսպանի, կարևոր նշանակություն ունի, քանի որ ձևավորում է իրավական կուռ հիմք երկկողմ հարաբերությունների համար, որի վրա պետք է կերտվեն քաղաքական երկխոսության ու համագործակցության կոնկրետ քայլերը:
Պ. Սվիտալսկին նաև նշեց, որ վստահ է՝ կողմերը կկարողանան մշակել հարուստ և կառուցողական օրակարգ տարբերակման հիմքի վրա, որն էլ լինելու է գործընկեր պետության առաջնահերթությունների, կարիքների ու առանձնահատկությունների գնահատման հիմքի վրա կառուցված:
Նա նաև տեղեկացրեց, որ ամեն տարի ԵՄ-ն 50 մլն եվրո է ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների՝ օժանդակելով կայունացման և արդիականացման գործում: Պ.Սցիտալսկու խոսքով` շուտով ակնկալվում է Մոգերինիի այցը Հայաստան, որն էլ կազդարարի ԵՄ մեծ պատրաստակամությունը՝ ձևավորել Հայաստանի հետ լավ ու արդյունավետ համագործակցություն: