31/03/2016 13:45
«Ամրացրու՛ արմատներդ» «Էյ Թի Փի»-ի հետ
Հայաստան Ծառատունկ Ծրագիրն («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) իր գործունեության 21 տարիների ընթացքում տնկել է շուրջ 5 միլիոն ծառ: Այս գարունը եւս բացառություն չէ, և տասնյակ հազարավոր լրացուցիչ ծառեր արդեն իսկ կանաչապատել են մեր երկիրը:
Գուցե, դեռ չեք հասցրել ծանոթանալ, թե ինչպես է իրականում գործում մեր Ծրագիրը: «Արդեն ունենք 3 տնկարան, որտեղ աճեցվում են Հայաստանի և Արցախի ողջ տարածքում մեր կողմից տնկվող բոլոր ծառերն ու թփերը», - բացատրում է «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը՝ շարունակելով. «Համայնքային ծառատունկերին անհրաժեշտ պտղատու և դեկորատիվ ծառերն աճեցվում են Կարին և Խաչփար գյուղերում գտնվող մեր տնկարաններում, մինչդեռ Մարգահովիտ գյուղի Միրաք ընտանիքի անվան տնկարանում աճեցվում են Անտառային ծրագրի շրջանակում օգտագործվող տնկիները: Այս տնկարանների շնորհիվ շուրջ 35 մարդ ապահովվել է հիմնական աշխատանքով, ինչը էապես նպաստում է համայնքի բարեկեցության ապահովմանը»:
«Տարիներ շարունակ, այցելությունները տնկարաններ պարզապես «փակ» էին մնում լայն հանրության համար, սակայն Հիմնադրամի նոր ղեկավարությունը որդեգրել է հանրության համար առավել բաց և մատչելի լինելու ռազմավարություն: 2016 թ.-ի ընթացքում նախատեսում ենք բազմաթիվ այցեր Կարին գյուղում գտնվող մեր տնկարան, որտեղ բոլոր հյուրերը կարող են շրջել մեր տնկարանում, ուսումնասիրել աճեցվող բուսատեսակներին, հանդիպել մեր նվիրյալ անձնակազմին և նույնիսկ սովորել ծառերի պատվաստման եղանակները», - նշում է «Էյ Թի Փի»-ի երևանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը և հատուկ ընդգծում. «Մենք ուրախ են բացել մեր դռները բոլորի առջև. լինի դա Հայաստան այցելող ընտանիք, «Դեպի Հայք» ծրագրի երիտասարդ կամավոր, թե տեղացի, ով իր ողջ կյանքն ապրել է Հայաստանում»:
«Մենք ցանկանում ենք, որ բոլորը միանան մեզ, հարցեր տան, սովորեն և պարզապես վայելեն մայր բնությունը: Մեր թիմը բավական փորձառու է և ներկայանալի, ինչում համոզվել են մեր նախորդ այցելունները», - հավելում է տիկին Փափելյանը: Այս տարի մենք առաջնորդվում ենք «Ամրացրու արմատներդ» կարգախոսով, որի հիմքում ընկած են շրջայցերն ու ծառատունկերը, որ կազմակերպվում են թե՛ տեղում՝ Ձեր անմիջական մասնակցությամբ, և թե´ մեր վեբ-կայքի միջոցով»,- նշեց տիկին Փափելյանը:
Մեր առաջիկա այցերը նախատեսված են ապրիլի 29-ին, մայիսի 30-ին, սեպտեմբերի 5-ին, հոկտեմբերի 1-ին և նոյեմբերի 1-ին: Հնարավոր է նաև՝ լրացուցիչ օրեր սահմանվեն: «Էյ Թի Փի»-ն կոչ է անում հետաքրքված բոլոր անձանց կապ հաստատել Ուոթերթաուն և Երևան քաղաքներում գտնվող մեր գրասենյակների հետ՝ «Ամրացրու արմատներդ» խորագրով շրջայցերին և կանաչ ապագա ստեղծելու շարժմանը միանալու համար:
1994թ-ից մինչ օրս «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելին քան 4.9 միլիոն ծառ, հիմնել է 3 տնկարան և 2 բնապահպանական կրթական կենտրոն, կանաչապատել է գյուղեր, քաղաքներ, եկեղեցիներ, ստեղծել է այգիներ և կանաչ գոտիներ՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Այս ընթացքում կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղացիների: