04/04/2016 18:09
Շարմազանով. Ռազմական փոխօգնության փաստաթուղթը պատրաստ է
ՀՀ Նախագահի հրամանով այսօր մենք համագործակցում ենք ԼՂՀ արտգործնախարարության և այլ համապատասխան կառույցների հետ, որպեսզի համապատասխան փաստաթուղթը կազմվի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ռազմական փոխօգնության փաստաթղթին, ասաց ԱԺ ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ հիմնական տեքստն արդեն պատրաստ է և առանձին քննարկումներից հետո կվավերացվի: «ԱԺ բոլոր խմբակցությունների հետ քննարկել ենք, և արդեն հայտարարել, որ ԱԺ-ը պատրաստ է իրականցնել այն բոլոր գործառույթները, որոնք բխում են ՀՀ Նախագահի հանձնարարականից՝ կնքելով և վավերացնելով փոխօգնության մասին այդ պայմանագիրը»,- ասաց նա:
Է. Շարմազանովն ասաց՝ այս փոխօգնության հուշագիրն առաջին հերթին միտված է Արցախի ժողովրդի անվտանգությանը և ապրելու իրավունքին, իսկ երկրորդը՝ Արցախի միջազգային ճանաչմանը:
«Եվ բոլոր քայլերը, որոնք ընդդեմ կլինեն խաղաղության պարտադրմանն ու Արցախի միջազգային ճանաչմանը, Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր է միջամտել ու քայլեր ձռնարկել, իսկ այդ մասին որոշում կայացնողը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է»,- հավելեց նա:
Է. Շարմազանովն ընդգծեց, որ այս որոշման շուրջ համախմբվել է ողջ հայությունը.
«Հունաստանում մեր սփյուռքահայ ընկերները, բողքի ակցիաներ իրականցրեցին Ադրբեջանի դեսպանատան առջև: Համոզված եմ, որ այդպիսի ցույցեր են նախատեսված նաև այլ երկրներում»,- ասաց նա: