13/04/2016 14:54
Անվտանգության միակ երաշխավորը կայուն, ռիթմիկ գործող տնտեսության առկայությունն է. Թաթուլ Մանասերյան
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, շատ սպասելի էր, բանակը պատրաստ էր դրան, հանկարծակիի չի եկել: Այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` նշելով, սակայն, որ Հայաստանը տնտեսական տեսանկյունից բավականին լուրջ անելիքներ ունի և առաջին հերթին անվտանգության միակ երաշխավորը կայուն, ռիթմիկ գործող տնտեսության առկայությունն է:
«Ընդհանուր առմամբ պատերազմն ամենաշահավետ բիզնեսն է: Սա շատ ցինիկ արտահայտություն է, բայց դա այդպես է: Եթե այս սահմանումը փորձենք ուղղել ցանկացած պետության վրա, կարող ենք տեսնել նրանց շահերը և կարող ենք հասկանալ, որ մենք մեր ակնկալիքներում պետք է զուսպ լինենք»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն օր կորցնում է ուժեղ տնտեսություն ունեցող երկրի վերածվելու, տարածաշրջանում տնտեսական, քաղաքական կշիռը մեծացնելու լրջագույն հնարավորությունները: «Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանը պետք է գրավի իր նիշան, Հայաստանն այսօր այդ հնարավորությունն ունի ավելի շատ, քան՝ նախկինում, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սկսվեցին այն ճյուղերից, որտեղ կախվածություն կար, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տեղեկատվական տեխնոլոգիաներով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանը կարող է կարևոր տեղ զբաղեցնել՝ ծրագրային ապահովմամբ, զենք ու զինամթերքի արտադրության համատեղ ձեռնարկությունների գծով, որոնք կարող ենք առաջին հերթին Հայաստանում տեղակայվել»,- հավելեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանին՝ բանախոսը նկատեց, որ այդ երկիրն արդեն 2-3 տարի է՝ աստիճանաբար կորցնում է իր դիրքերը միջազգային շահերում և դա գնալով սաստկանալու է:
«Նավթը համաշխարհային շուկայում կորցնում է իր տեղն ու նշանակությունը: ԱՄՆ-ն վերադարձնում է տեղական արդյունաբերությունը՝ տեղական նավթի արդյունահանման հիմքի վրա: Երբ այս ամենը գումարում ենք, մեզ համար արդեն պարզ է դառնում համապատկերը: Զենքի գնման այն մասշտաբները, որ Ադրբեջանն իրեն կարող էր թույլ տալ, այսօր այլևս չի կարող թույլ տալ, պետք սպառի եղած ապրանքը և հավաքական խնդիրներ լուծի, որպեսզի այս պատերազմի դեպքում Ալիևը կարողանա իրեն ապահովել կառավարում»,-ընդգծեց Թ. Մանասերյան: