26/04/2016 16:40
Բորդյուժա. ԼՂ-ում խաղաղություն ամենակարևորն է, հակառակ դեպքում Կովկասում մեծ պատերազմ կլինի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Չի եղել ոչ մի խնդրանք»,- հաղորդում է РИА Новости-ն՝ մանրամասնելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ նրան հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, չի կիրառել իր ունեցած պոտենցիալի մեծ մասը», , այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել:
Միաժամանակ Բորդյուժան դրական է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք փաստը, որ ԼՂ-ն, միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանի մաս չէ, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը կարող է օգնության հասնել միայն այն դեպքում, եթե վտանգ է սպառնում Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
«Այո, դուք ճիշտ եք հասկանում»,- ասել է Ն., Բորդյուժան:
Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակութուն ունի ՀԱՊԿ-ի համար՝ տարածաշրջանում անվտանգության պահպանման համար:
«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, կգա մի շրջան, երբ մենք կհետևենք ակտիվ և ուղիղ ռազմական հակամարտություն, դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: Այդ ժամանակ հակամարտության մեջ կներգրավվեն բազմաթիվ պետություններ: Դա շատ լուրջ է, ես կարծում եմ, որ այսօր այնտեղ խաղաղության ապահովումն ամենակարևորն է, հակառակ դեպքում Կովկասում մեծ պատերազմ կսկսվի: Ես դա չէի ցանկանա»,- հայտարարել է Բորդյուժան։