27/04/2016 14:45
Պարզաբանումներից չի երևում նաև, թե ով է լինելու երկրի գլխավոր գերագույն հրամանատարը. Ստեփան Մարգարյան
ԱԺ-ում շարունակվում է ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: Ելույթներով հանդես են գալիս պատգամավորները:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծով ռիսկային համակարգի ենք անցել՝ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի: «ՀԱԿ նախաձեռնած 4+4+4 ձևաչափն անիմաստ էր, քանի որ այդ քննարկումները պետք է կոնսենսուսով լինեին: Մենք մեր ընկերներով առաջակում ենք նոր կամ այլ ֆորմատ ձևավորել, որը նման կլինի բանակցությունների ու նորից սկսել քննարկումները՝ կոնսենսուս ձևավորելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երբեք էլ ուշ չէ դրա համար:
Նա հավելեց, որ կարևոր չէ, թե ինչպիսի օրենքներով են ընտրվում իշխանությունները: Կարևորն ըստ նրա՝ իշխանական այն մարմինն է, որը լինելու է առաջինը բուրգում: «Ափսոսում եմ, որ մեր իշխանություններն ընդառաջ չգնացին, որովհետև ի սկբանե չգնալ բանակցությունների և ասել՝ այս հարցերը չեն քննարկվում, դա բանակցություն չէ»,- նկատեց նա:
Անդրադառնալով կուսակցությունների մասին դրույթին՝ պատգամավորը դժգոհություններ հայտնեց մասնավորապես ռեգիոնալ կուսակցությունների մասին: «Դա ինքնին կուսակցության գաղափարից շեղվող է և որևէ մեկը չի կարող բացատրել, թե դա ինչ է նշանակում»,- հայտարարեց նա:
Պատգամավորը նկատեց նաև, որ պարզաբանումներից չի երևում նաև, թե ով է լինելու երկրի գլխավոր գերագույն հրամանատարը: «Իսկ այս դեպքում, եթե չունենանք նորմալ ընտրություններ, նորմալ հասարակության կողմից ընտրված ԱԺ, մենք կարող ենք շատ բարդ իրավիճակների մեջ ընկնել պատերազմական շրջանում»,- հավելեց նա՝ կոչ անելով քվերակության չներկայացնել այսպիսի փաստաթուղթ, այլ մեկ անգամ ևս փորձել հասկանալ, թե ինչ ԸՕ է անհրաժեշտ:
Արձագանքելով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ նշեց, որ Սահմանադրության մեջ շատ հստակ նշված է, թե ով է երկրի գլխավոր գերագույն հրամանատարը: Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները իրականացվել են անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: «Այն բացերը, որոնք կային կիսանախագահական կառավարման համակարգի ժամանակ, այս նոր նախագծով իսպառ վերանում են: Պետության անվտանգության երաշխիքներն առավել կարևոր են: Մենք պետք է քննարկենք ու քվեարկենք այս նախագիծը՝ առավել լավ փաստաթուղթ ունենալու համար, այլ ոչ թե, ինչպես դուք եք առաջարկում՝ անել հակառակը»,- ասաց նա: