28/04/2016 19:09
ԱԺ նախագահ. Պատերազմ է, հնարավոր է, մի երկու դիրք կորցնել, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնել
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորների հետ քննարկել է կուսակցության հետագա աշխատանքները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հերքելով բոլոր այն տեղեկությունները, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել ՀՀԿ-ականներին կամ զայրացած է նրանց վրա:
Գ. Սահակյանը վստահեցրեց, որ որևէ մեկը որևէ մեկին նկատողություն չի արել: «Նկատողության խնդիր այդտեղ չկա, որովհետև ոչ թե մարդկանց պատժելու հավաք էր, այլ՝ փորձ հետագայում ավելի բարեկիրթ աշխատելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պաշտոնանկ արված զինվորականների հարցին, ԱԺ նախագահի խոսքով՝ նրանց մասին Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում չի խոսել:
«Չեմ կարծում, որ այս պատերազմական գործողությունների ընթացքում այնպիսի թերացումներ են եղել, որոնց մասին հասարակությունը խոսում է, իսկ ձեզ թվում է, թե ներսում էլ են խոսել: Ադրբեջանը զենք է բարձրացրել, որպեսզի գրավի ԼՂՀ որևէ տարածք, իսկ այս պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակը կարողացել է կայուն պահել իրեն այդ հարձակուման ժամանակ, ինչի շնորհիվ էլ որևէ տարածք չի գրավել»,- ասաց Գ. Սահակյանը:
ԱԺ նախագահը համաձայն չէ նաև այն դիտարկումների հետ, թե հայկական կողմը համարժեք զենք չի ունեցել: Նրա համոզմամբ՝ մեր զենքերը կառուցողական են եղել.
«Մեր զենքը տեղում է եղել, բավականին հագեցված: Դուք բերում եք այն փաստը, որ խոսվում է 80-ական թվականների զենքերի մասին, այդ զենքերն օտարված չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են, առավել ևս, որ մենք որևէ հարձակողական գործողությունների չենք անցել, պարզապես պաշտպանել ենք մեր դիրքերը: Կարծում եմ՝ որևէ դիրք կորցրել ենք, բայց դրանք չէի համարի մեզ համար դիրքեր, բայցև՝ պատերազմ է, և հնարավոր է մի երկու դիրք կորցնել, հաջորդ անգամ էլ այդ դիրքերը հետ վերցնել»,- եզրափակեց նա: