02/05/2016 16:54
«Էրեբունի-Երևանի» ծախսերը կրճատելով՝ ֆինանսական աջակցություն կտրվի զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին
Երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներին կտրվի 1,5 մլն դրամի ֆինանսական աջակցություն: Նման որոշում կայացվել է Երևանի քաղաքապետարանում՝ խորհրդակցության ժամանակ:
«Հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքները կստանան 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքները՝ 500 հազարական դրամ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով՝ որոշվել է կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին:
«Ի դեպ արդեն իսկ ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների`վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,– ասել է Տարոն Մարգարյանը: