03/05/2016 18:41
Շարմազանով. Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը պետական բացառիկ մտածողության դրսևորում է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահվածքը պետական բացառիկ մտածողության դրսևորում է, Aysor.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այցը Արցախ:
«Դրական և բարձր եմ գնահատում ինչպես հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, այնպես էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հանրությանն ուղղված հայտարարությունը: Առաջին նախագահն ասաց՝ հիմա քարեր շպրտելու ժամանակը չէ, պետք է միավորվել իշխանության ու նախագահի շուրջ», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ Լ. Տեր-Պետրոսյանի նման պահվածքը ազդակ էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին լսարանի համար:
«Ներքաղաքական առումով սա ազդակ էր որոշ հիստերիկ ապազգային ուժերին, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ: Կարևոր է, որ այդ մասին խոսեց մարդ, ով 1988 թ-ից հստակ տիրապետում է Ղարաբաղյան հիմնահարցին: Արտաքին քաղաքականության առումով՝ սա մեսիջ էր առ այն, որ որևէ մեկի մտքով չանցնի, թե Արցախի շուրջ ստեղծված այս իրավիճակում նույնիսկ ռադիկալ ընդդիմություն համարվող ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կարող է առաջնորդվել ոչ թե պետական, այլ քաղաքական շահի գերակայությամբ», - ամփոփեց ԱԺ փոխնախագահը: