Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մայիսի 6-ին երկամսյա կալանքի որոշում կայացրեց շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ:
Նշենք, որ քննչական մարմինը Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու միջնորդություն էր ներկայացրել: Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Դատարանն այսօր ավելի վաղ երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաեւ Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամաբ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է տվել, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իրեն վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ:
Հանդիպումների ընթացքում անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:
Մայիսի 3-ին կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն ու տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանը հայտնաբերվել ու ձերբակալվել էին:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: