06/05/2016 19:01
Թևան Պողոսյանը մեկնաբանում է իր և Ռուբեն Հակոբյանի ջենթլմենական քայլը
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել շրջանառությունից հանել պատգամավորներ Թևան Պողոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը շրջանառությունից հանվել է հենց հեղինակների առաջարկով:
«Հիմնական պատճառն այն է, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն հայտարարեց, որ կառավարությունն արդեն մի նախաձեռնություն մշակել է, որն առաջիկայում կներկայացնի ԱԺ քննարկման: Իմաստ չկար, որպեսզի միանման երկու առանձին նախագիծ քննարկվեր»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես բացատրեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ իրենց այդ քայլը:
Նա հիշեցրեց նաև, որ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2 տարի առաջ, որն ի դեպ՝ երկու անգամ արդեն հետաձգվել էր: «Վերջին քննարկման ժամանակ որոշում էր կայացվել ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, որը պետք է լրանար արդեն այս տարվա մայիսի կեսերին: Այսպես թե այնպես, այդ քննարկումները պետք է ծավալվեին: Իսկ երբ քառօրյա պատերազմից հետո սահմանում կանգնած սոցիալապես անապահով ընտանիքի զավակների հարցը կրկին ակտուալ դարձավ, Ռ. Հոկաբյանը որոշեց այդ հարցը նորից բարձրացնել, և ի զարման մեզ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն հայտարարեց, որ կառավարությունը մշակում է սեփական տարբերակը, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարան: Երբ մենք հետաքրքրվեցին, թե՞ որն է պատճառը, երբ խոսք է գնացել քաղաքական կոնսեսուսի մասին, իրենք նպատակահարմար գտան մեզ որպես համահեղինակ ներկայացնել»,- նշեց պատգամավորը:
Թ. Պողոսյանն ընդգծեց, որ ԱԺ մեծամասնությունը կողմ է եղել այդ գաղափարին, և բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են եղել անվտանգության խնդիրներով իսկապես ողջունել են այդ գաղափարը, սակայն անհասկնալի ու հասկանալի պատճառներով նախագիծը հետաձգվել է միշտ. «Օրենսդրական պրակտիկայից ելնելով՝ այս պահին ճիշտ որոշումն այն էր, որ պետք էր շրջանառությունից հանել, բայց քանի որ կար ժամանակային խնդիր, մենք որոշում կայացրեցինք, որ երկու առանձին հարց չի քննարկվի: Կսպասենք, մինչև կառավարության նախագիծը գա, կքննարկենք, լսումներ կկազմակերպենք, կհասկանանք՝ ի վերջո, որն է ամենալավ տարբերակը»,- հավելեց նա:
Ի դեպ՝ պատգամավորը չկարողացավ պատասխանել հարցին՝ իրենց առաջարկներն ընդունվել են, թե՞ ոչ: «Տեղյակ չեմ: Այդ մասին մեզ չեն ասել, բայց խոստացել են, որ պետք է միասին աշխատենք: Մինչև քննարկումները չլինեն, չեմ կարող ասել, թե դրանց որ մասն է ընդունվել: Միգուցե ոչ հարյուր տոկոսով, բայց հուսով եմ՝ ավելի մեծ քաղաքական կոնսեսուսով այս գաղափարը կյանքի կկոչվի»,- եզրափակեց նա: