10/05/2016 20:25
Այս տեսահոլովակը, բնականաբար, նվիրվելու է մեր հերոսներին. Նարեկ Պողոսյան
Պարույր Սևակի խոսքերով գրված «Հայաստան» բանաստեղծությունը շուտով նոր երանգով կմատուցվի հանրությանը: Կանադահայ երգահան Գրիգոր Բանանցն այն երգի է վերածել՝ կատարումը վստահելով ժողովրդական երգերի կատարողներ Նարեկ Պողոսյանին, Սամսոն Պանյանին, Եվա Եգանյանին, Գրիգոր Միրզոյանին և Լուսինե Գասպարյանին:
«Երգիչների ընտրությունը կատարել է հենց երաժշտության հեղինակը՝ Գրիգոր Բանանցը: Ասեմ, որ երգի հիման վրա նաև տեսահոլովակ է նկարահանվել: Քանի որ երգը կոչվում է «Հայաստան», իսկ մայիս ամիսը մեր առաջին հանրապետության ու հաղթանակների ամիսն է, հետևաբար, որոշեցինք հենց այս ամիս էլ անել տեսահոլովակի պրեմիերան։ Բայց թե ո՞ր օրը՝ հայտնի չէ»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգիչ Նարեկ Պողոսյանը:
Տեսահոլովակի ռեժիսորը Մովսես Սմբատյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել Զվարթնոցի տաճարում, Խոր Վիրապի վանքի հարևանությամբ, Հաղթանակ զբոսայգու Մայր Հայաստանի արձանի մոտ և Պարույր Սևակի տուն-թանգարանում: Նկարահանումներն արվել են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: «Այս տեսահոլովակը, բնականաբար, նվիրվելու է մեր հերոսներին. նրանց, ովքեր, ցավոք, զոհվեցին սահմանին, և նրանց, ովքեր այժմ սահմանն են հսկում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում»,-եզրափակեց մեր զրուցակիցը: