24/05/2016 09:51
Ձերբակալվել են Գագիկ Բեգլարյանի թիկնապահները
«Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ նախօրեին՝ գիշերը, ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Այդ ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:
Թերթին հաջողվել է ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին կալանավորել են: «Միջոցառումը» տեղի է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Թերթը հիշեցրել է, որ «մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել, և դեպքը իրավապահները չէին գրանցել»: