26/05/2016 11:39
Հովիկ Աբրահամյանը Ֆիննախին նոր հանձնարարական է տվել՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը նոր հանձնարարական է տվել՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ, հայտնեց վարչապետը մայիսի 26-ի կառավարության նիստից առաջ:
«Գնումների ընթացակարգը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը առավել բարելավել գնումների գործընթացը տարբեր փուլերում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի տեղեկանալ գործընթացի մասին էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել հետևյալը՝ գնումների ընթացակարգի բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի բոլոր արդյունքները, ընդունման-հանձնման ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն», - ասաց վարչապետը:
Վարչապետը հայտարարեց, որ գնումների գործընթացի հետ կապված պետք է ապահովել առավել թափանցիկություն և ընդծեց, որ դա թույլ կտա բարելավվել յուրաքանչյուր ոլորտ ու նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
Նա ընդգծեց նաև, որ գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով մանրամասն կտեղադրվի տեղեկատվություն առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ՝ վառելիքի, գրասենյակային պիտույքների գնման ընթացակարգի վերաբերյալ և այլն:
«Նշվելու են նվազագույն և առավելագույն գները, այդ գներից ստանդարտ շեղումը և այլն, պատվիրատուները, հաղթողի տվյալները», - ասաց նա:
Ըստ վարչապետի՝ այս մանրամասն տեղեկատվության տեղադրումը կայքում լավ հնարավորություն է հանրային վերահսկողությունը մեծացնել գնումների գործընթացի նկատմամբ:
«Չպետք է սահմանափակվել այսքանով, և Հայաստանի ֆինանսների նախարարին հանձնարարում եմ մշակել ծրագրային դրույթներ, որոնք հնարավորություն կընձեռեն յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող պարամետրերը ինքնուրույն ձևավորել հաշվետվություններ: Ցանկանում եմ, որ կառավարությունը իրականացնի այս քայլերը և մեծացնի հանրության վստահությունը գնումների գործընթացի վերաբերյալ», - ասաց Հովիկ Աբրահամյանը: