30/05/2016 20:07
Հայկական ազգանվամբ Ռուսաստանի 8-ամյա քաղաքացին որոշել է՝ Բաքվի փոխարեն ավելի լավ է գնա Երևան՝ մեծ տատիկի մոտ
Ադրբեջանի իշխանությունները 8-ամյա տղային, ով ճանապարհորդել է իր մայրիկի՝ հայտնի խոհարար-բլոգեր Կրիստինա Կոնստանտինովայի հետ, թույլ չեն տվել մուտք գործել երկիր:
Մայիսի 29-ի երեկոյան Կոնստանտինովան և իր որդին, որը հայկական ազգանվամբ Ռուսաստանի քաղաքացի է՝ Լուկա Ռուբենի Վարդանյան, հայտնվել են Բաքվի օդանավակայանի ձերբակալվածների պահման վայրում:
Պատճառը՝ տղայի հայկական ազգանունն է:
Իր պատմության մասին Կոնստանտինովան պատմել է Instagram-ի էջում` տեղադրելով երկու լուսանկար:
«Այս տեսքն ունի մարդուկը, երբ մեծ մարդիկ որոշում են նրա արտաքսման հարցը… Մայրը ռուս է, հայրը ռուս է, իսկ ահա ազգանունը հայկական է: Աշխարհ, ու՞ր ես գնում: Սպասում ենք որոշման և անձնագրերի վերադարձմանը: Այնպիսի կատաղություն կա մեջս տղայիս արցունքների համար»,- գրել է նա:
Մայիսի 30-ի առավոտյան, սակայն, նկարները՝ ենթադրաբար Ադրբեջանի իշխանությունների ճնշման հետևանքով, ջնջվել են Instagram-ի էջից:
Այժմ Կրիստինա Կոնստանտինովան որդու հետ արդեն Մոսկվայում է:
«Մենք Մոսկվայում ենք, անչափ շնորհակալ ենք բոլորին հոգատարության ու աջակցությանն համար: Բաքվում մեզ այնպես դիմավորեցին, որ մենք «խաչ քաշեցինք» այդ քաղաքի վրա և երբ որդիս՝ Լուկան քնեց, փոքր-ինչ հանգստացավ, մենք վերադարձանք: …Վերջում մեզանից ներողություն խնդրեցին, բայց իմ որդին ասաց, որ ավելի լավ է գնանք Երևան՝ մեծ տատիկի տուն», - գրել է նա: