07/06/2016 11:59
Դեսպան. Նիդերլանդների ԱԳՆ-ը նամակով կդիմի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված
«Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը այս շաբաթ նամակով կդիմի պառլամենտին [ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված]», - Twitter սոցիալական ցանցում գրել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման:
Նախորդ շաբաթ, հունիսի 4-ին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը Նիդերլանդների փոխվարչապետ Լյուդվիգ Աշերին էր վերագրել հայտարարությունն այն մասին, որ «Հոլանդիայի կառավարությունը զերծ կմնա 1915թ իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելուց»:
Խոսելով տեղական ռադիոհաղորդումներից մեկի եթերում, թուրքական ԶԼՄ-ի թարգմանությամբ, Աշերը իբր հայտարարել էր, որ իր երկրի կառավարությունը թերեւս կշարունակի հայերի ցեղասպանությունը որպես «խնդիր» կամ «հարց» բնութագրելը, որը իբրև թե համապատասխանում է երկրի խորհրդարանի կողմից 2004թ ընդունած բանաձևի ձևակերպումներին:
Twitter սոցիալական ցանցում ՀՀ նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը հարց էր ուղղել Հայաստանում հավատարմագրված (նստավայրը` Թբիլիսի) Նիդերլանդների թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:
«Կարո՞ղ է հարգարժան դեսպան Յոհաննես Դաուման լույս սփռել իր կառավարության տեսակետի վրա», - գրել էր պաշտոնյան:
I wonder how much of this is spinned. Can distinguished Amb @Jos_Douma elucidate the views of his Government? https://t.co/qCABkuB4iy
— Nairi Petrossian (@NPetrossian) June 5, 2016
Նիդերլանդների դեսպանը պատասխան հաղորդագրության մեջ, հղում անելով հոլանդերենով հեռարձակված ռադիոհաղորդմանը, նշել էր, որ «ԱԳՆ-ը այս շաբաթ նամակով կդիմի պառլամենտին [ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված]», առանց մանրամասնելու, արդյոք նամակը ուղղված է լինելու Հայաստանի, թե Նիդերլանդների օրենսդիր մարմնին:
@An_Ohan @NPetrossian Interview to be found at https://t.co/ZN1BZ97R3v (dutch)@DutchMFA wil write letter to Parliament this week.
— Jos Douma (@Jos_Douma) June 6, 2016
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանին 2015թ դեկտեմբերի 10-ին:
Ambassador @Jos_Douma, it was very nice to meet you and interpret your meeting with the President. Good luck pic.twitter.com/MyP1aMhh7L
— Nairi Petrossian (@NPetrossian) December 10, 2015
Հիշեցնենք, որ 2015թ մայիսի 12-ին, իր նստավայրում ընդունելով Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Հերի Ֆան Բոմըլին և նրա գլխավորած պատվիրակությանը, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը բարձր էր գնահատել Նիդերլանդների խորհրդարանում 2004թ. ընդունված բանաձևով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Եկրի ղեկավարը նաև բարձր էր գնահատել 2015թ ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, որը, նախագահի խոսքով, իր տեսակի մեջ բացառիկ է:
Հիշյալ որոշումը հանձնարարել էր երկրի կառավարությանը «2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեսքսում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ»:
Որոշումն ընդունվել էր 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ: