13/06/2016 12:30
Հայաստանն առաջ է անցել Թուրքիայից՝ տարածաշրջանում ճանաչվելով աստղագիտական կենտրոն
Տարածաշրջանում Հայաստանը ճանաչվել է աստղագիտական կենտրոն, հայտարարել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը:
Վերջինս նշել է, որ կոչումը Բյուրականի աստղադիտարանը կպահպանի մինչև 2021 թվականը:
«Միջազգային աստղագիտական կենտրոնի որոշմամբ՝ Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանում գլխավոր երկիր՝ լինելով զարգացման մակարդակով ամենաբարձրն ու ամենահամապատասխանը» , - լրագրողների հետ զրույցում ասել է Միքայելյանը:
Աստղագետը նշել է, որ տարածաշրջանում աստղագիտական կենտրոն դառնալու հավակնություններ ուներ նաև Թուրքիան, սակայն ընտրվեց Հայաստանը:
«Զավեշտալի է, բայց լինելով փոքր գյուղ, Բյուրականը հայտնվել է աշխարհի այն տասը խոշոր քաղաքների ցանկում, որտեղ ամենաշատն են անցկացվել աստղագիտական պաշտոնական և միջազգային համաժողովներ», - ասել է նա:
Նշվում է, որ վերջին երկու ամսում Բյուրականի աստղադիտարանը աստղային նոր գալակտիկաներ է հայտնաբերել: