23/06/2016 14:50
Արմեն Մուրադյան. Ապրիլին վիրավորված 3 զինծառայող շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
Ապրիլյան պատերազմի ժամաակ վիրավորված 3 զինծառայող դեռևս շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն՝ ընդգծելով, որ բոլորի մոտ կա դրական դինամիկա.
«Հուսով եմ՝ նրանք շուտով կապաքինվեն ու կտեղափոխվեն պալատ», - ասաց Մուրադյանը:
Անդրադառնալով Գերմանիայում բուժվող զինվոր Արման Լազգիյանին՝ նախարարը նշեց, որ ամենօրյա կապի մեջ են նրա ընտանիքի ու Համբուրգի հիվանդանոցի անձնակապզմի հետ.
«Նրա վիճակը կայուն է, ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, իհարկե, այդպիսի բան չի կարող լինել, որ պետությունն աջակցություն չունենա: Առաջին գծից մինչև նեղ մասնագիտական բուժօգնություն` ամենն իրականացվել է պետության հովանու ներքո: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ բուժող բժշկական կենտրոնը վիրավոր զինծառայողին չի ներկայացրել բուժման ծախսերը` ներկայանալով որպես բարերար և ինքն է հոգացել բուժման ծախսերը, դա շատ ողջունելի է: Համոզված եմ, որ նման կեցվածքով հանդես եկող բարերարները հետագայում էլ կփորձեն հոգալ այն ծախսերը, որոնք կառաջանան այդ տղաների մոտ», - ասաց Արմեն Մուրադյանը:
Նա ընդգծեց՝ ինչ վերաբերում է պետական ծախսերին, Հայաստանի կառավարությունը իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները` բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակում իրականացնելու համար: