29/06/2016 16:26
ԸՕ բարեփոխման ֆինանսավորման նպատակով դոնոր-կոնֆերանսը անցել է դրական մթնոլորտում, ավելացել է ևս կես մլն եվրոյի խոստում
Ընտրական օրենսգրքի բարեփոխման ֆինանսավորման նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել հերթական դոնոր-կոնֆերանսը:
«Մասնակցել են Վիգեն Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը և ես», - Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Չբացելով բոլոր չակերտները՝ նա նշեց, որ միջոցառումից ստացած տպավորության համաձայն, Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնության կետերի իրագործման համար ֆինանսավորում լինելու է:
«Կամաց-կամաց մոտենում ենք նրան, որ ֆինանսավորում գտնվելու է: Այսօրվա հավաքը դրական տպավորություն թողեց: Եվս կեց միլիոն եվրո ավելացավ ֆինանսավորման խոստումներին: Ունենք արդեն 12 մլն եվրո», - ասաց Լ.Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ հիմքի վրա կարելի է սկսել գործընթացը և վստահ լինել, որ ծրագիրը իրագործվելու է:
Նա առաջարկեց կառավարությանը հանդես գալ ֆինանսավորման հայտարարությամբ:
«Կառավարության կողմից տրամադրվող երեք միլիոնը, այսպես թե այնպես, պետք է լիներ: Եթե օրենքը մնար նույնը, միևնույն է, կառավարությունը պետք է ֆինանսավորեր օրենքի դրույթները իրագործելու համար: Իշխանությունը դեռ ֆինանսավորում չի խոստացել, իսկ լավագույն ճանապարհը կլիներ դա: Այն կունենար դրական էֆեկտ և կապահովեր համապատասխան արձագանք դոնոր հանրության կողմից: Նրանց սպասելիքը հենց դա է», - նշեց Լ.Զուրաբյանը:
«Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո այն լիարժեք իրագործման համար պահանջվում է 16 մլն եվրո: