29/06/2016 11:54
Սեյրան Օհանյան. Միասնական ՀՕՊ համակարգով Հայաստանը կկարողանա օգտագործել ՌԴ կործանիչներն ու Ս-300 համակարգերը
ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համարագի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
«Այդ համաձայնագրով մենք կարողանալու ենք տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար օգտագործել, օրինակ, Ռուսաստանի Դաշնության 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները, Ս-300 համակարգերը, ոչ միայն ՀՕՊ, այլև՝ հակահռթիռային հնարավորություններ: Օգտագործել լայն հնարավորությունները ռադիոլոկացիոն, օդային հետախուզության շրջանակներում», - ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ հասարակության մոտ եղած գլխավոր մտահոգությանը՝ կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ.
«Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններոմ, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականցնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - ասաց Սեյրան Օհանյանը: