30/06/2016 15:28
Հայաստանը բանակցում է Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստանի հետ հաղորդակցվելու հարցով. Բեգլարյան
Հայկական կողմը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ, որպեսզի Լարսից բացի՝ այլընտրանքային ճանապարհ ունենա դեպի Ռուսաստան, լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Մենք բանակցություններ ենք վարում վրացական կողմի հետ, որպեսզի ունենանք նաև այլընտրանքային ճանապարհ, դրա հետ կապված պետք է բանակցություններ վարվեն նաև ռուսաստանյան կողմի հետ՝ դիվանագիտական խողովակներով», – ասաց նախարարը:
Բեգլարյանը տեղեկացրեց, որ ներկայում Հարավային Օսիայով հնարավորություն կա ուղևորվել դեպի ՌԴ, ճանապարհը լավ վիճակում է:
«Երկու պետությունների հետ բանակցություններ են տարվում, Հայաստանից շատ բան այս առումով կախված չէ», - նշեց նախարարը:
«Ես ինքս համոզված եմ, որ լինելու է Վրաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև համաձայնություն, որպեսզի Լարսից բացի մենք ունենանք այլընտրանքային ճանապարհ», - ասաց Բեգլարյանը: