
15/07/2016 12:34
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհդի նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն և փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խորհրդի նիստով փոփոխություններ են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համլասարանի կազմակերպական կառուցվածքում, որի արդյունքում միավորվել են մի քանի բաժիններ:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել են կրթական ծրագրերը, իրականացվել են սոցիալական բազմաթիվ ծրագրեր, աշխուժացել են արտաքին կապերը, սկիզբ է դրվել աշխատաշուկայի հետ հստակ կանոնակարգված համագործակցության, ինչը մեծապես կարևորում է ՀՀ կառավարությունը:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ մասնագիտական բարձրագույն կրթության բարեփոխումներն անհրաժեշտ են և թելադրված ժամանակի պահանջով: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ համալսարանը որդեգրել է զարգացման հավակնոտ ծրագրեր, ինչի արդյունքում բուհը պետք է կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:
«Առջևում են նոր մարտահրավերներ և կրթության զգայուն ոլորտը պետք է պատրաստ լինի համարժեք արձագանքի», - ասել է վարչապետ Աբրահամյանը և համոզմունք հայտնել, որ վերջին տարիներին ստեղծվել են բոլոր նախադրյալները՝ համալսարանը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար: