
20/07/2016 16:31
Ցանկացած հաղորդում, անկախ նրանից արժանահավա՞տ է թվում, թե՞ ոչ, ոստիկանությունն ուսումնասիրում է. Աշոտ Ահարոնյան
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հրապարակման հիման վրա ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել:
«Չկա մի հրապարակում, որտեղ նշված է, թե ոստիկանությունը բռնություն է կիրառել, անհամաչափ ուժ է կիրառել և դրանով ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն նշանակված չլինի: Այլ հարց է, որ որոշ անձինք անհամբեր են, թերահավատ են»,-լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այն, որ հուլիսի 18-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացուն ոստիկանները ստիպել են կոշիկներ համբուրել, Աշոտ Ահարոնյանն ասաց, որ երեկ այդ գործով ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը ներկայացել է Ներքին անվտանգության վարչություն:
«Ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցած կոշիկի պատմությունը ներկայացնում էին որպես իրողություն, հետո Դավիթ Սանասարյանը «Ազատության» եթերում հայտարարեց, որ այդպիսի բան չի եղել, եղել է հրահանգ: Գուցե մի քանի ժամ կամ մի քանի օր հետո նաև հրահանգը փոխվի, չգիտեմ։ Ամեն դեպում, ցանկացած հաղորդում, անկախ նրանից՝ արժանահավա՞տ է թվում այն, թե՞ ոչ, ոստիկանությունը ուսումնասիրում է, ծառայողական քննություն է նշանակվել: Կան անձինք, ովքեր ծառայողական քննությունից ավելին են ուզում, դա իրենց իրավունքն է, բայց դա ոստիկանության գործառնությունից դուրս է»,-նշեց Ա. Ահարոնյանը:
Դիտարկմանը՝ իրավապահները պնդում են, որ ոստիկանությունն իրավունք չունի քաղաքացիներին ոստիկանական զորամաս տանելու և պարտավոր է բերման ենթարկվածների վերաբերյալ թվեր ներկայացնել, Ա. Ահարոնյանը նշեց, որ այսքան ժամանակ չի եղել մի հարց, որին ոստիկանության լրատվության բաժինն անպատասխան թողնի:
«Գուցե դա ժամանակային առումով ավելի ուշ է եղել, բայց չի եղել մի հարց, որ ԶԼՄ ներկայացուցչին պատասխան չի տրվել: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված »,- ասաց ոստիկանության լրատվության պետը: