21/07/2016 13:06
Կառավարությունը կարկտահարությունից և ուժեղ քամիներից տուժած մարզերին գումար կհատկացնի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց աջակցություն ցուցաբերելու նպատակով գումար հատկացնել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում ուժեղ քամիների և կարկտահարության, հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
«Անհրաժեշտ է Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով տրամադրել 21մլն 875 հազար դրամ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ»,-ասաց նախարարը:
Դավիթ Լոքսյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևների պատճառով դժվարանցանելի և որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել 7 կմ մարզային նշանակության ճանապարհներ:
«Տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման և առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համար, համաձայն հաշվարկների, համապատասխանաբար կպահանջվի 4 և 6 մլն դրամ:
Բացի այդ, 2016թ. հունիսի 24-ին տեղացած անձրևի և կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղից անանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհները՝ շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5,0 մլն դրամ»,-ներկայացրեց նախարարը՝ ավելացնելով, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ: