26/07/2016 12:59
Զինված խմբավորման երկու անդամները վիրահատվել են, վիճակը բավարար է
«Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրահատվել են:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում է բավարար:
«Երկուսն էլ ոտքերի հրազենային վիրավորում են ստացել, մեկը՝ հրազենային կույր վիրավորում, մյուսը՝ հրազենային թափանցող վիրավորում ու կոտրվածք։ Ստացված հրազենային վիրավորումներն այնպիսին են, որ հետագայում նրանք ոչ մի խնդիր չեն ունենա», - լրագրողներին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Մանգոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։
Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։
Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։
Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։
Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։
Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը։