02/08/2016 09:43
Ոստիկանությունը չպիտի պատերազմի ցուցարարների և լրագրողների դեմ. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. « «Սասնա ծռերի» ակցիայի բուն պատճառը հասարակության մեջ առկա իրավական, լուրջ մտահոգություններն են, որոնք ճիշտ է, արտահայտվել են, իմ կարծիքով, անընդունելի ձևով։ Պետության մեջ պետք է լինեն խողովակներ՝ այդ մտահոգությունները ոչ միայն արտահայտելու, այլև տեղ հասցնելու, ինչ-որ բան փոխելու համար։ Այդ խողովակներն, ըստ էության, փակ են։ Նման դեպքում օրգանիզմի ինչ-որ մի հատվածում հավաքվում է թարախի մեծ քանակություն, որն ի վերջո բերում է պայթյունի։
Եթե ամեն ինչ գնում է բնականոն ճանապարհով, ապա «վիրաբուժական միջամտություն» պետք չի լինում։ Բայց երբ պայթյունն, այնուամենայնիվ, տեղի է ունենում, վերքերը կարող են բուժվել սիրով և ներողամտությամբ։ Գիտեմ, որ իմ այդ ասածը նույնպես շատերին դուր չի գա, բայց քանի որ պատգամավորական քվեն հավաքելու խնդիր ես չունեմ, ասեմ նաև այդ «տհաճ» միտքը։
Երկրի ներսում «պատերազմ» բառն ինձ համար ընդունելի չէ՝ լինի դա «ազգային-ազատագրական», «քարոզչական», թե նույնիսկ «արժեքային»։ Ոստիկանությունը չպիտի պատերազմի ցուցարարների և լրագրողների դեմ։ Իշխանության և «ծռերի» կողմնակիցները չպիտի մրցեն, թե ով է ավելի «ճշմարտանման» ապատեղեկատվություն տարածում։ «Ֆեյսբուքահայերը» չպիտի պատերազմեն Տիգրան Մանսուրյանի կամ Պերճ Զեյթունյանի դեմ՝ այդ մարդիկ, միևնույն է, չեն կարդում ձեր հայհոյանքները, միայն մթնոլորտ եք փչացնում։ Շանթն ու Հայկը չպիտի դատապարտվեին այդքան երկար ժամկետներով և վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին։ Եվ ամենակարևորը՝ եկեք իրարից մեր տարաձայնությունների պատճառով չնեղանանք։ Տարաձայնությունները մեր հարստությունն են»: