02/08/2016 09:36
Ալավերդիում 6 մանկապարտեզ է փակվել
«Ժողովուրդը» գրել է, որ Ալավերդու «Մանես» բարեգործական հիմնադրամի լուծարումից հետո քաղաքում գործող թվով 6 մանկապարտեզ փակվել է, իսկ Ալավերդու քաղաքապետարանը բավարար ֆինանսական միջոցներ չունի, որպեսզի քաղաքային բյուջեով կարողանա կատարել մանկապարտեզների ծախսերը: Հետևանքում՝ մանկապարտեզների փակման պատճառով Ալավերդիում դժգոհությունների ալիք է բարձրացել:
Թերթը նշել է, որ Ալավերդու «Մանես» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին: Հիմնադիրներն են «Վալլեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Ջանիբեկի Մեջլումյանը, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Համլետ Թամազյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Սարգսի Երիցյանը:
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ «Մանես» բարեգործական հիմնադրամը դեռևս փետրվարի 22-ից դադարեցրել է Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի, սոցիալապես անապահով ընտանիքների 125 երեխաների սննդի վարձավճարների, Մադան թաղամասից թիվ 5 դպրոց տեղափոխվող աշակերտների տրանսպորտային ծախսերի, սոցիալապես անապահով 100 բնակիչների բարեգործական ճաշարանի և հիմնադրամով նախատեսված մյուս ծախսերը:
Սա ալավերդցիների մոտ դժգոհության ալիք է առաջացրել, հատկապես որ այդ ամբողջի ֆինանսավորումը Ալավերդու քաղաքապետարանը չի կարող իրականացնել: Ալավերդցիներն իրենց դժգոհություններն են փոխանցել «Ժողովուրդին»: Նրանց պատմելով՝ քաղաքապետը խոստացել է, որ թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզները կգործեն միայն օգոստոսի 1-ից, 1-ական խառը խմբերով և միայն աշխատող մայրերի համար: Մանկապարտեզների փակումը Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը բնակիչներին պատճառաբանել է քաղաքային անբավարար բյուջեով:
Թերթը նշել է, որ Ալավերդին ունի թվով 6 մանկապարտեզ, երեխաների թիվը 420 է, աշխատողների թիվը՝ 78, դաստիարակների թիվը՝ 36: