02/08/2016 17:21
Էրդողան. Իտալիայում որդուս դեմ հետաքննությունը բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա
Թուրքիայի նախագահի որդու դեմ հետաքննությունը, որը փողերի լվացման մեջ կասկածանքով սկսել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի դատախազությունը, կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա: Ինչպես հայտնում է ТАСС-ն՝ այս մասին Rai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Իմ որդու դեմ Բոլոնիայում սկսված հետաքննությունը կարող է բարդացնել Թուրքիայի հարաբերությունները Իտալիայի հետ, որը ճիշտ կաներ «ավելի շատ իր սեփական մաֆիայով զբաղվեր», - ասել է Էրդողանը:
Փետրվարին հայտնի է դարձել, որ Բոլոնիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բիլալ Էրդողանի դեմ, որը իտալական քաղաք էր մեկնել Ջոնս Հոփկինսի համալսարանում գիտական թեզ պաշտպանելու համար:
Հետաքննության համար առիթ էր ծառայել թուրք ձեռներեց Մուրատ Խական Խուզանի հայտարարությունը, որն արտաքսվել է Թուրքիայից ու ստիպված է Ֆրանսիայում բնակվել:
Նրա շահերը պաշտպանող փաստաբան Մասիմիլյանո Անետտայի խոսքով՝ Էրդողանը Իտալիա էր տարել խոշոր գումար, որը ապօրինի գործունեությամբ էր ձեռք բերել:
Մասնավորապես՝ լրատվամիջոցները պնդում էին, որ Բիլալը եկամուտ է ստացել նավթի ապօրինի առևտրի միջոցով՝ այդ թվում ահաբեկիչների հետ: Էրդողանի ընտանիքը միշտ հերքել է այդ մեղադրանքները:
Այդուհանդերձ, մարտին հայտնի դարձավ, որ Բիլալը ընտանիքի հետ լքել է Իտալիայի տարածքը, սակայն նրա դեմ գործը բաց է մնացել: