02/08/2016 09:40
Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով. 17-ամյա Սայաթը՝ հուլիսի 29-ի դեպքերի ու իր նպատակների մասին
Սայաթ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է օգոստոսի 8-ին։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ այդ առիթով նա մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից եկել էր Երևան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով։ Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով նա կորցրեց մեկ աչքը:
Ինքը՝ Սայաթ Հարությունյանը, չի ցանկանում վերհիշել դեպքի մանրամասները։ Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր, դուրս էր եկել զբոսնելու, որոշել էր այցելել Սարի թաղում ապրող հորեղբոր տղային։ Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ։
«Միանում եմ ցույցին շատ միամիտ։ Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ։ Որ հասանք տեղ, հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհը արդեն խառնել էի։ Ասում էի մեկ է, իրենց հետ էլ հետ կդառնամ։ Հետո որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի... Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է, գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը։ Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,-«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է հիվանդանոցում գտնվող պատանին։
Նրա փոխանցմամբ՝ կատարվածի վերաբերյալ դատական հայց չեն ներկայացնելու։ «Ես անձամբ բողոք չունեմ, պետք էլ չէ։ Պատահար է, պատահեց։ Էլի մեղավորներ կարող ենք գտնել, ես էլ իմ մեղքն ունեմ, բոլորն էլ իրենց մեղքն ունեն»,- հայտարարել է նա։
12-րդ դասարան փոխադրված Սայաթը շուտով տուն կվերադառնա, կտոնի ծննդյան օրն ու կսկսի պարապել՝ հաջորդ տարի բուհ ընդունվելու համար։ «Մինչև այս մտածում էի՝ գնամ հագուստ գնեմ, գնամ գյուղ, ծնունդս նշելուց երկու օր հետո սկսեմ պարապել անգլերեն և մաթեմատիկա, որ հենց դպրոցը ավարտեմ, ընդունելության համար դիմեմ կիրառական մաթեմատիկայի գծով ԵՊՀ կամ պոլիտեխնիկ։ Դե հըլը նպատակներս չեմ փոխել, ինչ-որ խոչընդոտ չկա, լրիվ նորմալ է, նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,-ասել է 17-ամյա տղան: