06/08/2016 15:12
«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից ոչ մեկին հաշմանդամություն չի սպառնում. Բժիշկ
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներից ոչ մեկին, այդ թվում Պավել և Արամ Մանուկյաններին, հաշմանդամություն չի սպառնում, հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Նրանցից ոչ մեկը հաշմանդամություն չի ունենալու: Նրանք քայլելու են, ուղղակի ժամանակ է պետք»,- ասաց Միքայել Մանուկյանը:
Վերջինս ներկայացրեց, որ հիվանդանոցային բուժում ստացողների մոտ ամենածանր փուլը բարեհաջող է անցել: «Մնում է վերականգման փուլերը անցնեն»,-ասաց նա:
Խոսելով Արմեն Լամբարյանի վիճակի մասին՝ բժիշկը ասաց, որ «այն դրական է գնահատվել»:
«Նրան տեղափոխել ենք հիվանդասենյակ», - ասաց բժիշկը:
«Սասնա ծռերի» մեկ այլ անդամ՝ կրծքավանդակային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանի վիճակը, Մանուկյանի խոսքով, օրեցօր լավանում է:
«Նա դեռեւս գտնվում է վերակեդանացաման բաժանմունքում, բայց մի քանի օր հետո տեղափոխվելու է հիվանդասենյակ: Վիճակը դրական են գնահատում, գիտակցությունը տեղն է, հետվիրահատական շրջանը հանգիստ է անցնում», - ասաց բժիշկը: