10/08/2016 17:56
Աշոտ Ահարոնյան. Ոստիկանությունն առաջինն է շահագրգռված, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը բացառվեն
Լրագրողների նկատմամբ կատարված հարձակումներն ու բռնությունները լինում են հիմնականում արտակարգ իրավիճակների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա ներկա է Ազատության հրապարակում մեկնարկած «Հանուն խոսքի ազատության» ակցիային, որը նախաձեռնել են մի խումբ լրատվամիջոցների ղեկավարներ:
«Այս պահին չեմ հիշում մի դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակած նյութի, ազատ խոսքի համար: Այսինքն՝ լրագրողի հանդեպ հաշվեհարդար կիրառվեր իր հոդվածի համար: Արտակարծ իրավիճակներում, երբ որ ոստիկանությունը գործողություններ է անում, երբ որ կան չարտոնված հավաքներ, այո՛, հավանականություն կա, որ կարող է լրագրողը վնաստվածքներ ստանա թե՛ ֆիզիկական, թե՛ իր տեխնիկան վնասվի: Դա ամբողջ աշխարհում ընդունված է»,- ասաց Ա.Ահարոնյանը:
Նա ընդգծեց՝ «այլ հարց է, երբ լրագրողի հանդեպ բռնությունը կիրառվում է դիատավորությամբ»:
«Ցավոք, կան դեպքեր, որ կա դիտավորություն»,- ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը՝ հիշեցնելով, որ այդ հարցով քննություն է կատարվում:
Ահարոնյանը տեղեկացրեց, որ «02» շաբաթաթերթը ևս միանում է լրագրողների նախաձեռնությանը:
«Ոստիկանությունն առաջինն է շահագրգռված, որ բռնության դեպքերը բացառվեն և ոստիկանությունն է պատասխանատու, որ այդ դեպքերը բացահայտվեն»,- ասաց Աշոտ Ահարոնյանը: