22/08/2016 13:12
Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցները մնացին անփոփոխ
Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ՝ նրանց պաշտպանի բողոքը:
Վերջիններիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս որոշումը քաղաքական է:
«Ես առաջարկել եմ նաև, որ գրավի դիմաց ազատ արձակեն իմ պաշտպանյալներին, սական դատարանը անընդհատ հարցնում էր, թե ո՞վ է վճարելու այդ գրավը՝ հիմնավորելով, թե իմ պաշտպանյալների ընտանիքները սոցիալապես վատ պայմաններում են ապրում: Ես պատասխանել եմ, որ այդ գրավը կմուծի հայ ժողովուրդը. ինչպես նաև փաստաբանները»,- ասաց Մ.Շուշանյանը:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է վճառաբեկ բողոք ներկայացնել:
«Եթե, այնուամենայնիվ, վճռաբեկ դատարանը որոշի կալանքը փոխի կամ գրավի դիմաց ազատ արձակի իմ պաշտպանյալներին, ապա դա նույնպես լինելու է քաղաքական որոշում, քանի որ Հայաստանում արդար դատարաններ չկան, ինքնուրույն որոշումներ կայացնող դատավորներ չկա»,- հայտարարեց փաստաբանը:
«Սասնա ծռերի» բոլոր անդամներին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Վարուժան Ավետիսյանին մեղադրանքը հետագայում լրացվել է ու դրան ավելացվել է նաև 2015 թ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպումը: