22/08/2016 15:27
Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը կմնա անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը չի փոխվի, նա կմնա կալանավորված:
«Դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ կալանքի գործերով ունակ չէ մանրակրկիտ ու արդար քննություն իրականացնել»-լրագրողների հետ զրույցում ասաց Գ. Չուգասզյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Նա նշեց, որ բողոքարկել է քննչական գլխավոր վարչության 2016 թվականի հուլիսի 22-ի ծանուցագիրը:
«Ծանուցագիր էր ուղարկվել, որ Գարեգին Չուգասզյանին հրավիրեն հարցաքննության: Երբ պարզվել է, որ նա տանը չէ, կազմել են արձանագրություն, իսկ քննիչն էլ անհապաղ որոշում է կայացրել բերման ենթարկել, հետո կալանքը որպես խափանման միջոց ընտրել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ այս որոշումը ցնցող էր:
«Այսինքն եթե մարդը մի քանի ժամով բացակայում է, աննախադեպ իրավիճակ է ստեղծվում: Եթե անձն, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է ստորագրությունը չբացակայելու վերաբերյալ ու նա ինչ-ինչ պատճառներով բացակայում է, ապա մեծ հաշվով նա կհայտնվի կալանքի տակ»,- ասաց նա:
Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ Գարեգին Չուգասզյանը, ստորագորությամբ չբացակայելու վերաբերյալ խափանման միջոցով մոտ մեկ ու կես տարի ազատության մեջ էր:
Այնուհետև առանց վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու փոխել է բնակության վայրը և սա հիմք է հանդիսացել որպեսզի նրան կալանավորեն:
Գարեգին Չուգասզյանի փաստաբանը նշեց, որ այդ առումով դատարանի գործողությունները կանխատեսելի էին: