27/08/2016 13:43
Պավլիկ Մանուկյանը կարողացել է քայլել, իսկ Արամը դեռ ոչ. միշտ պառկած է. փաստաբան
Վիրահատությունից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն արդեն կարողանում է քայլել:
«Հենակների օգնությամբ կարողանում է տեղաշարժվել, նրա վիճակում առաջընթացը զգացվում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Պավլիկ Մանուկյանը ձախ ոտքը, որն ունի մկանային վնասվածք, արդեն հանգիստ կարողնաում է գետնին դնել. «Իսկ մյուս ոտքը, որը բեկորային վնասվածք էր ստացել ու, որը նաև մի քիչ կարճացել է, իրեն օգնում է շարժվել», - նշեց Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը փոխանցեց՝ շատ չի երևում, որ ոտքը մյուսից կարճ է. «Ոտքի կարճությունը 3-4 սմ է, գետնին չի հպվում», - ասաց նա:
Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին էլ Հարություն Բաղդասարյանն ասաց, որ Արամը չի կարողանում քայլել. «Միշտ պառկած է, որովհետև մի ոտքը ուղիղ է, այդ ոտքը չպետք է գետնին դնի», - ասաց փաստաբանը:
Հարություն Բաղդասարյանը նշեց՝ և Արամ, և Պավլիկ Մանուկյանները ոչ մի բանից չեն դժգոհում: «Նրանք այն մարդիկ չեն, որ ինչ որ բանից բողոքեն, դժգոհեն: Նրանք տրամադրված են հեղափոխական, մեծ հույսեր ունեն, որ մոտ ապագայում հանդիպելու են բոլորին քաղաքացիական կյանքում, իսկ Արամն անհամբեր սպասում է, որ հաճախի իր դասերին, սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանում», - եզրափակեց Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը:
Նշենք, որ Արամ և Պավլիկ Մանուկյանները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Պավլիկ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը օրերս լրացվել է. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը: