01/09/2016 10:45
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան մինչև 2030 թ.
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին օգոստոսի 30-ին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։
Նրա մուտքը ՌԴ արգելված է մինչև 2030 թ: Ս.Գրիգորյանը տարածած հաղորդագրությունում նշել է, որ Մոսկվա էր մեկնել հոր գերեզմանին այցելելու համար:
Մոսկվայի օդանավակայանից նրան արտաքսել են Երևան:
«Ինձ տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին, որում հիմնականում խոսվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տարբեր տեսակի քրեական և օրինախախտ գործողությունների մասին։ Այս ամենն ինձ հետ որևէ առնչություն չունի, քանի որ ես վերջին 20 տարիների ընթացքում գործունեություն չեմ իրականացրել ՌԴ-ում։ Իմ դեպքում կարևոր էր 26-րդ հոդվածի 9-րդ կետը՝ այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական ՀԿ-ների, վերլուծական կենտրոնների և ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Բացի այդ, մենք չենք թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում ենք եվրոպական ընտանիքում, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա։ Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի», - նշել է Ս.Գրիգորյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է նաև Հայաստանում խեղդել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը:
Ս>Գրիգորյանը դիմել է ԱԳՆ իր խախտված իրավունքները վերականգնելու պահանջով, նաև պատրաստվում սեփական նախաձեռնությամբ համապատասխան քայլերի դիմել: