13/09/2016 15:06
Անուշ Բեղլոյան. YandexTaxi ընկերության հակամրցակցային մուտքը հայկական շուկա պետք է քննարկման առարկա դառնա
Այսօրվանից YandexTaxi ընկերությունը Հայաստանում գործում է նոր սակագներով: Այս մասին ծառայությունից օգտվող քաղաքացիները տեղեկանում են ընկերության հայտարարությունից, որում նշվում է «Սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է»:
«Հանրային հաղորդակցության լաբորատորիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Անուշ Բեղլոյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ YandexTaxi-ն ի սկզբանե ցածր սակագներով էր հանդես եկել, որպեսզի գրավի տեղական շուկան:
«Yandex Taxi-ի մարքետինգային քաղաքականությունն ի սկզբանե մշակվել է հաշվի չառնելով հայկական շուկայի առանձնահատկությունները: Ընկերության մուտքը, գնային քաղաքականությունն ու այդ քաղաքականության պատճառաբանումը որևէ տնտեսական հիմնավորում չեն ունեցել և մասնագետներին դա պարզ էր առաջին օրվանից», - ասաց Անուշ Բեղլոյանը:
Ըստ նրա, առաջարկելով 100 դրամ նվազագույն սակագին՝ ընկերությունը պարզապես ցանկանում էր մտնել հայկական շուկա ու հաճախորդներ գրավել:
«Դա տնտեսապես ոչ հիմնավորված սակագին էր ու, պարզ է, որ չէր կարող երկար տևել: Այլ հարց է, որ պատկան մարմինները պետք է քննարկեն, թե որքանով էր հակամրցակցային այս մուտքը շուկա», - ասաց Անուշ Բեղլոյանը:
Անդրադառնալով սակագնի բարձրացման հայտարարությանը՝ խորհրդատվական ընկերության տնօրենը նշեց, որ առավել հետաքրքիր էր դրանում եղած պատճառաբանությունը:
«Ընկերությունը հաշվի չի առել, որ Հայաստանի հաճախորդը շատ գրագետ պատրաստված է ու ծանոթ է մաթեմատիկայի և շուկայական սկզբունքներին: Ի՞նչ է նշանակում պահանջարկն աճել է ու մենք չենք կարողանում բավարարել: Սա հակասում է ամենատարրական տնտեսագիտական դասագրքի ամենաառաջին գլխին: Յուրաքանչյուր ուսանող առաջինը սովորում է՝ պահանջարկի աճի պարագայում՝ գինը նվազում է: Yandex-ը փոխարինում է հասկացություններն ու փորձում է հաճախորդին համոզել, որ շուկայի 100 տոկոսը գտնվում է իրենց ընկերության ձեռքում: Մինչևդեռ մենք գիտենք, որ տաքսիների շուկայում մեզ մոտ լուրջ մրցակցություն է: Եթե Yandex-ը լիներ մենաշնորհ՝ այդ ժամանակ որևէ տնտեսագիտական հիմնավորում միգուցե հնարավոր կլիներ գտնել այս հայտարարությունում», - ասաց Անուշ Բեղլոյանը:
Ըստ նրա, այսպիսով YandexTaxi-ն կրկնում է մի շարք այլ միջազգային ընկերությունների սխալը, որոնք մտնելով հայկական շուկա փորձել են խաղալ իրենց մարքեթինգային հնարքներով: