19/09/2016 14:21
Աղավնաձորում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են. գյուղապետ
Այսօր առավոտից աղավնաձորցիները կրկին սպառնում են փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ պահանջելով վճարել խաղողի մթերման դիմաց չվճարված 10 ամիսների պարտքը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ այս պահին աղավնաձորցիները միջպետական ճանապարհի մոտ են գտնվում, մինչդեռ ճանապարհը դեռևս չի փակվել:
Հարցին, արդյոք աղավնաձորցիները շարունակում են երեխաներին մանկապարտեզ և դպրոց չուղարկել՝ ի նշան բողոքի, Ա.Գալստյանը պատասխանեց. «Վիճակը խառն է: Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»:
Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբերի 15-ը աղավնաձորցիներին խոստացվել էր ամբողջությամբ վճարել պարտքը:
«Չեմ կարող հիմա ոչ մի ստույգ բան ասել: Հիմա ճանապարհին եմ, գնում եմ մարդկանց հանդիպեմ: Ավելի ուշ մանրամասներ կհայտնեմ», - ասաց գյուղապետը:
Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Վեդի Ալկո»-ի տնօրենի մասնակցությամբ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած նիստում պայմանավորվածություն էր ձեռք բերվել 140 մլն դրամի պարտքը վճարել 15 օրվա ընթացքում: