21/09/2016 22:08
Համակարգային փոփոխությունների արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին: Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
Նա նշել է, Հայաստանն այսօր բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել:
«Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն», - ասել է Ս.Սարգսյանը։
Նրա խոսքով, ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն:
«Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոս», - ասել է Ս.Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է. քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին:
«Վաղը անելու ենք ավելին: Այս ընթացքում ոչ միայն օգտագործել ենք նախկինում եղած ներուժը, այլև կուտակել ենք նոր փորձ և նոր ներուժ: Ձևավորել ենք նոր հարթակներ և գործիքներ, որ մեր առջև բացում են զարգացման նոր հորիզոններ», - հայտարարել է նախագահ Սարգսյանը։