23/09/2016 15:25
Էդմոն Մարուքյանը Թևան Պողոսյանի հրավերը չընդունելու հիմքեր չունի, մի հարմար օր կհանդիպեն
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հրավերը չընդունելու հիմքեր չունի:
«Հիմա Վանաձորում եմ, Երևանում չեմ, որ ասեմ հենց այսօր կգնամ հանդիպման, բայց կարող եմ ասել, որ չընդունելու խնդիր չկա»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ երբ հարմար լինի, անպայման կգնա. «Մի հարմար օր կպայմանավորվենք, կհանդիպենք»:
Հարցին՝ դեմ չէ՞ արդյոք, որ հանդիպմանը նաև Նիկոլ Փաշինյանն էլ է ներկա լինելու, այն դեպքում, երբ վերջին օրերին խիստ լարվել են նրանց հարաբերությունները, Էդմոն Մարուքյանը նշեց, որ լարված հարաբերությունները անձնական բնույթի հարաբերություններ չեն:
«Դրանք քաղաքական խնդիրներ են: Քաղաքական առումով տարաձայնություններ շատ կան, բայց անձնական ոչ մի հարց, ընդհանրապես, որևէ մեկի հետ չունեմ, նույնիսկ իշխանությունների հետ որևէ անձնական խնդր չունեմ»,-ընդգծեց Է. Մարուքյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-յան իր էջում բաց նամակով դիմել էր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին՝ երկուսին էլ հրավիրելով իր տուն՝ իր պատրաստած գինին խմելու և մի քիչ մտորելու երկրի ապագայի մասին: