24/09/2016 15:12
ՅՈՒՆԻՍԵՖ. Հալեպում մարտերի պատճառով 2 մլն մարդ մնացել է առանց ջրամատակարարման
ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտնել է, որ Հալեպի մոտ 2 մլն բնակիչ, ընթացող մարտերի հետևանքով, մնացել է առանց ջրամատակարարման, հայտնում է Gazeta.ru-ն:
«Վնասվել է Բաբ-ալ-Նայրայի ջրամատակարարման համակարգը, որն ապահովում է Հալեպի արևելյան շրջանների ավելի քան 250 հազար բնակիչներին ջրամատակարարումը: Բացի այդ, անջատվել է նաև Սուլեյման-ալ-Հալաբի ջրամատակարարման համակարգը, որը ևս տեղակայված է արևելքում: Դադարեցված են քաղաքի հարավային շրջանների ավելի քան 1.5 մլն բնակիչների ջրամատակարարումները»,- ասվում է է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ ջրամատակարարումների դադարեցումը բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար կարող է դառնալ հիվանդությունների առիթ, քանի որ մարդիկ ստիպված կլինեն օգտվել ջրամբարների կեղտոտ ջրից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ից նշում են, որ պատրաստ են մեծացնել մարդկանց՝ ջրի տեսքով մարդասիրական օգնության ծավալները, սակայն դա ժամանակավոր քայլ է, որը խնդրին չի տա երկարաժամկետ լուծում: