24/09/2016 12:46
Կարեն Կարապետյանն ավելի շատ ապավինվում է բիզնես մենեջերների վրա, հետևաբար անխուսափելի են որոշակի փոփոխություններ նաև մարզպետների հարցում. Հարցազրույց Վիգեն Հակոբյանի հետ
Քաղտեխնոլոգ, PR մասնագետ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի շատ ապավինվում է բիզնեսի մենեջերների վրա, և այս մի քանի օրերի ընթացքում անընդհատ ուզում է ցույց տալ, որ ինքը ոչ թե քաղաքական թիմի ներկայացուցիչ է, այլ մենեջեր է, որն իր թիմը նույնպես կառուցում է մենեջերներից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ չի բացառում, որ այդ սկզբունքը տարածվելու է նար մարզպետների վրա:
- Պարոն Հակոբյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից, հաշվի առնելով հանգամանքը, որ որոշակի կադրային փոփոխություններ արդեն իսկ իրականացվել են վերջինիս կողմից:
- Ընդամենը կարող եմ մեջբերել նոր վարչապետի խոսքերը, որ նա Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց. այն է՝ տնտեսությունում իրավիճակը չափազանց ծանր է, և իրավիճակից դուրս գալու համար պետք են համակարգային փոփոխություններ: Այսինքն՝ խոսքն արմատական փոփոխությունների մասին է:
Կարևորում եմ, որ քիչ թե շատ օբյեկտիվ գնահատական է տրվում մեկնարկային իրավիճակին: Համակարգային փոփոխություններ ասելով ես հասկանում եմ, որ պետք է լինեն ոչ թե իմիտացիոն, այլ ռեալ փոփոխություններ մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարում, և ընդհանրապես, տնտեսական քաղաքականությունը նորը պետք է լինի, որում բացի մեր ավանդական մոտեցումներից, լինեն նաև այլ սկզբունքներ: Այս տարիների ընթացքում շատերն ասում են, թե Հայաստանը չպետք է լինի արտադրող երկիր, պետք է լինի ծառայություններ մատուցող երկիր, ոմանք խոստանում են, որ Հայաստանը կդառնա բանկային կամ ֆինանսական դրախտ, տուրիզմի կենտրոն լինի, բայց ոչ ոք հարց չի դնում, որ 3 միլիոն ժողովուրդ չի կարող միայն ծառայություններ մատուցելով բարեկեցիկ կյանք ունենալ: Կարծում եմ, որ երբ վարչապետի շուրթերից ասվում է համակարգային փոփոխություն, նա նկատի ունի այն, որ պետք է հիմնովին վերանայվի տնտեսության կոնցեպցիան: Դա, բնականաբար, վերաբերում է նաև կադրերին:
Կարծում եմ՝ ժամանակն է, որ քաղաքական և տնտեսական էլիտայի փոփոխություն լինի, ղեկավարների նոր տեսակ հայտնվի:
- Գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, ինչպես նաև ֆինանսների նոր նախարարներն արդեն նշանակված են: Ձեր նշած նոր տեսակի մե՞ջ են արդյոք իրենք:
- Նոր մարդկանց ի հայտ գալով, որոնք հանրության լայն շրջանակներին հայտնի չէին, մենք տեսնում ենք, որ նոր քամիներ, նոր մոտեցումներ կան: Քանի որ վարչապետը բիզնես աշխարհի մարդ և հաջողակ բիզնեսմեն է, իր մոտեցումն այնպիսին է, որ ավելի շատ ապավինում է հաջողակ բիզնեսմեններին: Կարծես թե նա ոլորտները վստահում է բիզնեսում որոշակի հաջողություններ ձեռք բերած մարդկանց, միևնույն ժամանակ նրանց, ովքեր ուղղակիորեն կապված չեն օլիգարխիայի հետ, կերպարները վարկաբեկված չեն:
Իմ տպավորությամբ վարչապետը գրեթե ամեն օր ինչ-որ մեսիջներ է անում, որ ինքը մեծ քարտ-բլանշ ունի ստացած թե ներսից, թե դրսից, որպեսզի, իր խոսքով ասած՝ իր երազած տնտեսական համակարգը ստեղծի:
- Մյուս նախարարություններո՞ւմ էլ, ըստ Ձեզ, նշանակումները կլինեն նույն սկզբունքով: Հաշվի առնենք նաև, որ մշակույթի, առողջապահության և բնապահպանության նախարարների վերաբերյալ արդեն մամուլում հրապարակումներ կան:
- Չէի շտապի որևէ գնահատական տալ նաև նորանշանակ նախարարների վերաբերյալ, որովհետև, նրանք հանրության ամենալայն զանգվածներին հայտնի չեն: Բացի այդ, մարդը կարող է որևէ ոլորտում լուրջ հաջողությունների հասած լինել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կարող է կոնկրետ մարդու համար այդ բեռը ծանր լինել: Հետևաբար, ունեմ զգուշավոր օպտիմիզմ: Թե դա ինչի կբերի, շատ վաղ է ասել, քանի որ ընդամենը 2-3 օր է անցել, որ նախարարները նշանակվել են: Նրանք պետական պաշտոնյաների բացարձակապես նոր կերպարներ են և դա ակնհայտ է: Թե հիմա ինչպես կկոչենք՝ մենեջերների, տեխնոկրատների կառավարություն, թե ինչ, դա ճաշակի հարց է, բայց պարզ է, որ Կարեն Կարապետյանն ավելի շատ ապավինվում է բիզնեսի մենեջերների վրա, և այս մի քանի օրերի ընթացքում անընդհատ ուզում է ցույց տալ, որ ինքը ոչ թե քաղաքական թիմի ներկայացուցիչ է, այլ մենեջեր է, որն իր թիմը նույնպես կառուցում է մենեջերներից:
Տրամաբանական կլինի, որ այլ նախարարությունների, ինչպես նաև կառավարությանն առընթեր այլ մարմիններ հանդեպ մոտեցումը նույնը լինի: Կարծում եմ, որ վարչապետը փորձելու է իր կոնցեպցիան տարածել նաև մյուս գերատեսչությունների վրա: Կարծում եմ նաև, որ անխուսափելի են որոշակի փոփոխություններ նաև մարզպետների հարցում, որովհետև մենք հասկանում ենք, որ մարզպետները Հայաստանում տեղական ֆեոդալներն են, և եթե իշխանական ուղղահայացը չգործի, կենտրոնից մինչև երկրի ծայրամասեր թիմ չլինի, ապա ամեն ինչ կսահմանափակվի Երևան քաղաքի փոքր կենտրոնով: