26/09/2016 11:32
Պետությունն ունի հսկայական ռեսուրս, որը շատ փնթի ձևով է ծախսվել երկար տարիներ. Հարցազրույց Գագիկ Մակարյանի հետ
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ 2017 թվականի բյուջեն կարող է 2,5 միլիարդից ավելի լինել, քանի որ, ըստ նրա, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պայքարելու, գումարներ բերելու քայլեր է սկսել: Այս մասին Գագիկ Մակարյանն ասաց Aysor.am-ի հետ հարցազրույցի ընթացքում, նշելով նաև, որ տարիներ շարունակ պետության հսկայական ռեսուրսներ ծախսվել են փնթի ձևով:
- Պարոն Մակարյան, որոշակիորեն ուրվագծվել է Հայաստանի վարչապետի գործելաոճը: Ի՞նչ տպավորություններ և ակնկալիքներ ունեք:
- Հիմնական նախարարությունների ղեկավարները, կարելի է ասել ոտքից-գլուխ փոխվել են այն իմաստով, նոր այն հիմնական նախարարությունները, որոնք տնտեսական բլոկի հետ են առնչվում կամ օգնում են տնտեսական բլոկի զարգացմանը, փոխվել են: Դա ցույց է տալիս, որ վարչապետը շատ կարևորում է և հատկապես շեշտադրումը կատարելու է տնտեսական բլոկի վրա:
- Ըստ Ձեզ, դա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:
- Սա երկու նշանակություն կունենա, առաջինն այն է, որ տնտեսական բլոկի միջոցով որոշակի խնդիրներ կկարողանանք լուծել, և դա որպես երևացող ցուցանիշ կարողանանք ներկայացնել նաև հանրությանը: Այն նաև սիրաշահելու և զսպողական նշանակություն կունենա ապագա դժգոհությունների տեսանկյունից, և երկրորդը, որ այդ նույն տնտեսական բլոկով արդեն հեռահար խնդիրներ կլուծվեն:
Մի առիթով ասել եմ, որ Հայաստանի տնտեսությունը որպեսզի խորհրդային ժամանակների տնտեսական հզորություններին մոտենա, մոտ 4-5 միլիարդի ներդրումներ են հարկավոր: Հայաստանի բյուջեն առավել կոռուպցիայի, ստվերի պայմաններում այդպիսի միջոցների երբեք չի կարող տիրապետել: Վարչապետը շեշտը դրեց ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման վրա, որովհետև Հայաստանի տնտեսության մեջ հիմնականում միկրոձեռնարկությունների ու փոքր ձեռնարկությունների այդ խառնիճաղանջ վիճակն առանձնապես չի նպաստում:
Եթե թվերով ներկայացնեմ, ապա ունենք մոտ 56 000 միկրո ձեռնարկություն, 16-18 000 փոքր ձեռնարկություն, և այս թվերից հետո՝ ընդամենը 550 միջին ձեռնարկություն, և մոտ 2000 էլ՝ խոշոր: Այսինքն, միկրոն և փոքրը գերակշռում են, բայց դրանք չեն զարգանում, միջինանում: Սա շատ աննորմալ իրավիճակ է նաև մարզերի զարգացման տեսանկյունից: Դրա համար,ես կարծում եմ, որ էկոնոմիկայի նախարարության անվանումը փոխելն էականորեն շատ բան է փոխել նախարարությունում: Հսկայական միջոցներ ծախսվում են համայնքներում դոտացիաների անվան տակ, որոնք մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, որովհետև այդ դոտացիաների գումարերի հիմնական մասը գնում է տեղերում մանկապարտեզների վերականգնման, ճանապարհաշինության, ջրագծերի կամ այլ բաների անվան տակ, բայց դրանք հաճախ չեն էլ արվում, կամ արվում են շատ թռուցիկ: Դրա հետ մեկտեղ էլ, գյուղապետերն, օրինակ, կարող են իրենց մեքենայի պահպանման մեկ ամսվա ծախսը հսկայական թվերով վույց տալ՝ 600 000 դրամ, որն անհասկանալի թիվ է, նույնիսկ նախարարի մեքենայի ծախսերը կարող է այդքան չկազմեն:
2017 թվականի բյուջեն արդեն ցույց է տալիս վարչապետի մոտեցումը, որ այն փորձելու են ավելի ռացիոնալ կազմել: Կարևոր չէ մեծությունը, կարող է այն 2016-ի բյուջեի չափ լինել, կարող է և ավելացնենք շնորհիվ այն բանի, որ ռազմավարություն ենք դրել, որ ներդրումներ լինեն, ձեռնարկատիրություն զարգացնենք, խնայողական ծախսեր անենք: Այսինքն, կարող է եկող տարվա բյուջեն 2,5 միլիարդից ավելի լինել, քանի որ վարչապետը պայքարելու, գումարներ բերելու քայլեր է սկսել:
- Խոսվում է նաև պետական մարմինների նվազման մասին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Ինչ հետևանքներ սա կարող է առաջացնել, արդյոք գործազրկությունը չի ավելանա:
- Համաձայն եմ, որ պետական մարմինները պետք է նվազեն: Պետական սեկտորում աշխատում է մոտ 200 000-ի չափ մարդ, մասնավոր սեկտորում ընդամենն աշխատում է 270 000 մարդ: Այսինքն, մեկ աշխատողին մեկ պաշտոնյա է համընկնում: Հետևաբար, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները հսկայական բեռ են մեր հարկատուների վրա և բյուջեից ավելորդ գումարներ են տանում: Պետությունն ունի հսկայական ռեսուրս, որը շատ փնթի ձևով է ծախսվել երկար տարիներ: Սա կարգի բերել է պետք: