27/09/2016 18:43
ԵԺԿ նախագահն Ալիևին սպասարկող ադրբեջանական լրատվամիջոցին մեղադրել է ստախոսության մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվական միջոցներն անձնական հավակնությունները բավարարելու համար օգտագործելով, հերթական ծուղակն է ընկել:
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության անգլալեզու տարբերակը «President Ilham Aliyev receives delegation of European People's Party» («Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությանը) վերնագրով տեղեկատվություն է հրապարակել, որտեղ ներկայացվում է նրա հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) պատվիրակության, մասնավորապես, կուսակցության, իբր, փոխնախագահ Մարիո Դէյվիդի հետ:
Ըստ հրապարակման, Մարիո Դէյվիդն «անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասելով, որ պատվիրակության ուղեկցությամբ մեկնել է առաջնագիծ իր նախորդ այցի ժամանակ: Մարիո Դէյվիդն ասել է, որ որպես ԵԺԿ ներկայացուցիչներ, նրանք կարող են նպաստել միջազգային հանրության իրազեկվածության մակարդակի աճին հակամարտության իրողությունների վերաբերյալ: Նա ասել է, որ իրենք աջակցում են Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական դիրքորոշմանը Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հակամարտության կարգավորման հարցում»:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն իր պաշտոնական Թվիթերում անդրադառնալով այդ տեղեկատվությանը, նշել է. «Ես հերքում եմ ապատեղեկատվությունը, որը հրապարակվել է ԱՊԱ-ի կողմից: ԵԺԿ ոչ մի պատվիրակություն պաշտոնական այցով ներկա չի գտնվել Ադրբեջանում»:
I deny the misleading info published by @APA_English: no @EPP delegation was on an official visit to #Azerbaijan https://t.co/oNmQX2lF1k
— Joseph Daul (@JosephDaul) September 27, 2016
Այնուհետև նա ավելացրել է. «ԵՄ քաղաքական գործիչները, որոնք ներկա են գտնվել Բաքվում որպես հանրաքվեի դիտորդներ, գործել են իրենց անձնական իրավասության շրջանակներում և Մարիո Դէյվիդը վաղուց ևեթ ԵԺԿ փոխնախագահ չէ»:
EU politicians present in #Baku to observe the referendum were acting in their private capacity & Mario David is no longer an EPP Vice Pres
— Joseph Daul (@JosephDaul) September 27, 2016