28/09/2016 15:55
Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն. վարչապետը ներկայացրել է նոր նախարարին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար:
Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն: «Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները», - ասել է վարչապետը:
Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ:
Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը:
«Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ», - նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք: