30/09/2016 14:20
Ապրիլյան պատերազմից հետո ՏՏ ոլորտում գրանցվել է լուրջ առաջընթաց. Բացվել է «ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա ցուցահանդեսը
Այսօր մեկնարկեց «ԴիջիԹեք էքսպո» 2016 եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացավ ներկայացվող նորարարություններին:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով նախագահի շրջայցը, նշեց. «Ապրիլյան պատերազմը մեզ որոշակի դասեր տվեց: Մենք տեսանք, որ հակառակորդը բարձր տեխնոլոգիական զինատեսակներ է օգտագործում: Հիմա ՊՆ-ի հետ տարվում է արդյունավետ համագործակցություն, որի արդյունքները մենք այսօր ցուցադրեցինք նախագահին: Ըստ էության, նա գոհունակություն հայտնեց և ասաց, որ պատրաստ է աջակցել այս ոլորտի հետագա զարգացմանը»:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն էլ ընդգծեց, որ ապրիլյան դեպքերից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է լուրջ առաջընթաց, ինչը նրա խոսքով, ՏՏ ոլորտի մասնագետների համաձայնեցված աշխատանքի արդյունքն է ՊՆ–ի հետ: