04/10/2016 17:14
Արմեն Մինասյան. «Երկաթյա գմբեթով» «Իսկանդեր» չեն որսում
Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե, իբր, Իսրայելը մտադիր է հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգեր մատակարարել Ադրբեջանին, որոնցով պաշտոնական Բաքուն կչեզոքացնի Հայաստանի տիրապետած «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի գործոնը:
Այս տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքով Aysor.am-ը դիմեց քաղաքագետ Արմեն Մինասյանին: Վերջինս, մասնավորապես, նշեց, որ նման տեղեկություններին արժե հումորով վերաբերվել:
««Երկաթյա գմբեթ» համակարգին տիրապետելու համար պետք է լինել Իսրայել: Իսկ Ադրբեջանը, չնայած Իլհամ Ալիևի տարիներ շարունակ դրսևորած լավատեսությանը, չափազանց հեռու է Իսրայել լինելուց», - ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ անկախ ֆունկցիոնալ նշանակությունից, Ադրբեջանը ֆինանսապես ի վիճակի չէ այն ունենալ:
«Իր ողջ տարածքը «Երկաթյա գմբեթով» ծածկելու համար Ադրբեջանը պետք է ծախսի մոտ 30 մլրդ դոլար, մինչդեռ այդ երկրի ռազմական ծախսերը հաջորդ տարվա համար պլանավորված են 1 մլրդ դոլար: Համեմատության համար նշեմ, որ Իսրայելը, որի ռազմական ծախսերը 16 մլրդ դոլար են, միայնակ ի վիճակի չէ «Երկաթյա գմբեթ» համակարգն ավարտին հասցնել, և ստիպված է ապավինել ԱՄՆ ֆինանսական աջակցությանը», - տեղեկացրեց Ա.Մինասյանը:
Երկրորդ խնդիրը՝ ժամկետներն են: «Սա այն սպառազինությունը չէ, որ պատրաստ դրված է, և Ադրբեջանը վաղը պարզապես կտեղափոխի իր տարածք: Իսրայելը նշված համակարգը սկսել է շահագործել 2009-ից սկսած և ներկայումս տիրապետում է «Երկաթյա գմբեթի» 9 մարտկոցի, ու պլանավորում է ունենալ ևս 15-ը: Այսինքն՝ իր սպառազինման ծրագիրն Իսրայելը անցած 7 տարիների ընթացքում կատարել է դեռ 40 տոոկսով միայն: Պարզ է, որ Իսրայելը, որը գտնվում է հարևան երկրներից անընդհատ հրթիռային հրետակոծման վտանգի տակ, իր խնդիրը թողած, չի զբաղվելու Իլհամ Ալիևի մեծապետական նկրտումներով», - ասաց Ա.Մինասյանը:
Եվ ամենակարևորն ըստ քաղաքագետի՝ «մեծագույն հարց է, թե արդյոք «Երկաթյա գմբեթ» համակարգերն ի վիճակի են հակազդել գերժամանակակից բալիստիկ հրթիռներին»:
«Մասնագետ չեմ, բայց կարող եմ փաստել, որ «Երկաթյա գմբեթ»-ի մարտավարա-տեխնիկական բնութագրում նշված է, որ այն նախատեսված է չկառավարվող տակտիկական հրթիռներ որսալու համար: Այսինքն այն, ինչով հարվածում են «Համաս»-ի գրոհայինները: Իսկ ահա «Սկադ» և «Իսկանդեր» համակարգերին դրանցով դիմակայելն անիմաստ է: Վստահ եմ, որ մասնագետները ևս կպնդեն, որ իսրայելական նշված համակարգը գերճշգրիտ բալիստիկ համակարգերի դեմ հակամիջոց չէ», - նշեց Ա.Մինասյանը: